ՀՀ կառավարությունն արտոնություններ տվեց գազաբալոններ արտադրող իրանական ընկերությանը

«Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում zbaxvel գազաբալոնների արտադրությամբ և 112 աշխատատեղ բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերությանը երեք տարով հետաձգեց ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը նշեց, որ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ»-ը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է արտադրել կոմպոզիտային գազաբալոններ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 11,1 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու էր շուրջ 10 մլրդ դրամ, սակայն ցանկից հանվել են մի շարք սարքավորումներ, ԱԱՀ-ից ազատված լինելու հանգամանքով, և սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 1,1 մլրդ ՀՀ դրամ։

«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ` 160 հազ․ դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Բաբայանը:

Ի պատասխան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հարցի՝ Բաբայանը նշեց, որ ընկերությունն ավտոմեքենաների համար արտադրում է բարձորակ գազաբալոններ: Նման գազաբալոններ արտադրվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Իրանում: Ըստ նրա, ընկերությունը նպատակ ունի նաև կազմակերպել արտահանում: