ԵԶԲ–ն Հայաստանում ներդրումները կհասցնի 300 միլիոն դոլարի

Հայաստանում բանկի ներդրումային պորտֆելը տվյալ պահին 60 միլիոն դոլար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) պատրաստ է ավելացնել Հայաստանում ներդրումների ծավալը և 60-ից հասցնել 300 միլիոն դոլարի։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այս մասին ասաց բանկի կառավարման նախագահ Անդրեյ Բելյանինովը Ղազախստանում տարածաշրջանային ԶԼՄ-ների համագումարի ընթացքում։

Նրա խոսքով` տվյալ պահին Հայաստանում ԵԶԲ ներդրումներն արդեն կազմում են 60 միլիոն դոլար, նրանք պատրաստ են ավելացնել դրանք ևս 240 միլիոն դոլարով։

«Հայաստանը բանկում ներդրել է 100 հազար դոլար, իսկ հիմա կլինեն 300 միլիոն դոլարի ներդրումներ։ Ընդհանուր առմամբ վատ աջակցություն չէ», — ասաց Բելյանինովը։

Նրա խոսքով` ԵԶԲ-ն շահագրգռված է, որ անդամ երկրները զարգանան, և նման հնարավորություններ կան։

Նա նշեց, որ աճում է լոկալ արժույթներով վարկերի նկատմամբ պահանջարկը, առաջին հերթին` ռուբլով և տենգեով։ Իսկ բանկը դուրս է գալիս իր մասնակիցների ֆինանսական բորսաների վրա, արդեն դրամով թղթակցային հաշիվ է բացվել։

Փաշինյանի կառավարությունը շահագրգռված է ԵԶԲ–ի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում

Ավելի վաղ բանկի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը ԵԶԲ-ի համար մոտ 240 միլիոն դոլարի նախագծեր է պատրաստում։

Նախագծերը կիրագործվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, փոքր և միջին բիզնեսի ոլորտներում։

Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ մասնակից է դարձել 2009թ-ի ապրիլին։ Բանկի կապիտալում Հայաստանի ներդրումը կազմում է 100 հազար դոլար։

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: