Ի՞նչ կանի Բաբլոյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնից հեռանալուց հետո

Արա Բաբլոյանը կարծում է, որ անհրաժեշտ է անցկացնել մի շարք աշխատանքներ մանկական առողջապահության ոլորտը բարելավելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը պաշտոնից հեռանալուց հետո իրեն տեսնում է առողջապահության ոլորտում։ Այս մասին նա ասաց լրագրողներին Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացման արարողությունից հետո։

Բաբլոյանը մանկական վիրաբույժ-ուրոլոգ է։ Նա հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիրը` երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտը։

Գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետն ազատվել է պաշտոնից

Նրա համոզմամբ` վերջին տարիներին ընդհանուր առմամբ մանկաբուժությունը, մասնավորապես մանկական վիրաբուժությունը և նյարդավիրաբուժությունը զգալի առաջընթաց են գրանցել։ Միաժամանակ կարծում է, որ անհրաժեշտ է անցկացնել մի շարք աշխատանքներ մանկական առողջության ոլորտը բարելավելու համար։ Բաբլոյանը նշեց, որ հայ բժիշկները և բժշկական կենտրոնները համագործակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների առաջատար բուժհաստատությունների հետ։

Նա հավաստիացրեց, որ երեխաների առողջության պահպանման հարցերը գերակա են ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց, որ վերջին տարիներին մանկական մահացության մակարդակը 1/3-ով կրճատվել է։ Նրա խոսքով` Հայաստանն ամենացածր մահացությամբ երկրների շարքում է։ Միաժամանակ նախարարը նշեց, որ մանկական մահացության հիմնական պատճառը դժբախտ դեպքերն են։

Նշենք, որ Երևանում մեկնարկել է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից ժամանած մասնագետները։ Մասնակիցների շարքում է նաև Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ռազումովսկին։