ՌԱԴԻՈ

Սիմոնյան. «Հայ-ռուսական հարաբերությունում լարվածություն չկա»

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարում չկա և չի կարող լինել: Փաշինյանի այցը Մոսկվա վկայում է լավ հարաբերությունների մասին:
Sputnik
Ալեն Սիմոնյան

Հայ-ռուսական հարաբերությունում լարվածություն չկա, կա զգուշավորություն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Դա բնական է: Մեր գործընկերների համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան, Հայաստանում իշխանության եկավ մի ուժ, որը նախկինում որևէ կապ չէր ունեցել իշխանության հետ: Եվ բնական է, որ գերտերությունների կողմից շատ մեծ զգուշավորություն կա այսօր»,- ասաց Սիմոնյանը:

Իսկ այն, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն արդեն 3-րդ անգամ են հանդիպում, Ալեն Սիմոնյանը համարում է հենց լավ հարաբերությունների ապացույցը:

«Հարաբերությունները ճշգրտելու կարիք չկա, ուղղակի երկու գործընկերներ ուսումնասիրում են իրավիճակային տարբեր հարցեր: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ հանդիպումները երկկողմ են, ու եթե ցանկությունը լինի միայն մեր կողմից, հնարավոր է՝ դա չլիներ: Կոնկրետ դեպքեր են եղել, երբ մեր պաշտոնյաները մեկնել են Մոսկվա ու չեն հանդիպել ռուս գործընկերների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախանշված է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: