Անցավ միաձայն. ընտրակաշառքի քրեականացման առաջարկն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Նախագծին կողմ քվեարկած պատգամավորները նախապես հայտարարեցին, որ կողմ են քվեարկում միայն մեկ պայմանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը միաձայն` 66 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը «ընտրակաշառքի քրեականացման նախագիծ» պայմանական անունն է ստացել:

Նախագծին կողմ քվեարկած պատգամավորները, սակայն, նախապես հայտարարեցին, որ կողմ են քվեարկում միայն այն պայմանով, որ մինչև վաղը նախանշված երկրորդ և վերջնական ընթերցմամբ ներկայացվելը նախագծում արվեն համապատասխան փոփոխություններ և դրանում վերացվեն այսօր մատնանշված մի քանի վիճահարույց ձևակերպումները, ինչպիսիք են ընտրողի կողից ընտրակաշառքի խոստում տալը, խոստումն ընդունելը և այլն:

Հիշեցնենք` Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը քննարկում է արտահերթ նիստում` կառավարության առաջարկով: Գործադիրն առաջարկում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։

Ընտրակաշառք տեսել են բոլորը. ինչպես են պատգամավորներն ուզում վերացնել կաշառքի հաղթարշավը

Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:

Նախագծերի ընդունումն անհետաձգելի կարգով ընդունելը իշխանությունը պայմանավորում է Երևանի ավագանու ընտրություններն արդեն նոր օրենքներով անցկացնելու անհրաժեշտությամբ: