Ինչո՞ւ պետք է Հայաստանը խորացնի Աֆղանստանի հետ հարաբերությունները. բացատրում է Սարգսյանը

Քաղաքագետը վսահեցնում է, որ Հայաստանի համար Աֆղանստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Չզարմանաք, բայց Աֆղանստանի հետ մեր հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Վերջերս մեր ՊՆ պատվիրակությունը Հնդկաստանում էր: Հասկանալի է, որ սա ոչ միայն երկկողմ ռազմական համագործակցություն է, այլ նաև ռազմաքաղաքական բալանս Ադրբեջան-Պակիստան տանդեմին` հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան, Հնդկաստան-Պակիստան և Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները: Ի նկատի առնելով Պակիստանի բացահայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Հնդկաստանի հետ մեր երկխոսությունը ռազմավարական նշանակություն ունի և Պակիստանի դեմ մենք բնական դաշնակիցներ ենք»,- գրել է նա:

Այնուհետև Սարգսյանն անդրադարձել է Աֆղանստանին:

«Այստեղ իրավիճակը չի հանգուցալուծվելու, քանի դեռ Պակիստանը հովանավորում ու աջակցում է ահաբեկիչներին: Պակիստանի ու Աֆղանստանի հարաբերությունները քիչ են տարբերվում հայ-ադրբեջանական հարաբերություններից: Չմոռանանք, որ Պակիստանը նաև գտնվում է Վաշինգտոնի թիրախի ներքո և կարմիր քարտ է ստացել»,- նշել է նա:

Ստեղծված իրողությունները հաշվի առնելով, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է.

1. վերջապես ազգային անվտանգության ռազմավարություն ունենալ և Պակիստանին հստակ «թշնամաբար տրամադրված երկիր» կարգավիճակ ֆիքսել:

Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանում անվտանգության հաստատմանը

2. երկկողմ հարաբերությունները խորացնել Աֆղանստանի հետ,

3. աշխատել նաև միջազգային ատյաններում:

4. համագործակցել Վաշինգտոնի հետ, որի պատմության ամենաերկարատև պատերազմը հենց Աֆղանստանում է: Սրանով նոր օրակարգ կձևավորենք Վաշինգտոնի հետ` այլընտրանք դառնալով Բաքվի ռազմավարական նշանակությանը, Թրամփի «Աֆղանական ստրատեգիայի» իրագործման ընթացքում:

5. առավել մեծ ներդրում ունենալ Աֆղանստանի առաքելության մեջ, ինչը լրացուցիչ գործոն է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները օրակարգում:

Աֆղանստանը Պակիստանի դեմ մեր բնական դաշնակիցն է: Աֆղանցիք դրա մասին մեզ միշտ ասում են: Մեր երկրում էլ կան 2-3 հոգի, ովքեր Քաբուլում լուրջ կապեր ունեն և դրանք ձեռք են բերել Վաշինգտոնի միջնորդությամբ:

Սարգսյանի խոսքով` իհարկե կա նաև այլ սցենար, օրինակ` Պակիստանի հետ հարաբերություններ կարգավորել, իսկ դրա համար պետք է Պեկին գնալ: Սա նույնպես հավանական սցենար է, բայց, ըստ քաղաքագետի, այս պարագայում մենք գործոն չենք դառնա: