Ինչպե՞ս են մարզվում Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները դժվար խաղից առաջ. տեսանյութ

Սեպտեմբերի 6-ին Ազգերի լիգայի գավաթի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կխաղա Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին` մրցակցի հարկի տակ` Մակեդոնիայի հավաքականի հետ։
Sputnik

Երկու հավաքականների ֆուտբոլիստներն արդեն հասցրել են մարզվել և փորձել ուժերը սպասվող խաղից առաջ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հայտնեց, որ հավաքականը մի քանի օրվա ընթացքում կորուստ է ունեցել։ Առաջիկա խաղերին չի մասնակցի Հրայր Մկոյանը, որովհետև ծնկի վնասվածք է ստացել, և չի բացառվում, որ նրան վիրահատեն։

«Հավաքական հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին»,- ասաց Մինասյանը` նշելով, որ զրուցել է բոլորի հետ և համոզվել, որ նրանք հոգեբանորեն պատրաստ են խաղին։

«Ամենակարևորն այն է, որ թիմը հոգեբանորեն է պատրաստ, որովհետև ֆուտբոլիստները պետք է անմնացորդ նվիրվեն խաղին, որպեսզի կարողանան արդյունք ապահովել»,- ասաց Մինասյանը։

Ըստ մարզչի` տղաները շատ լավ հասկանում են, որ խմբային փուլում 6 փոքրիկ եզրափակիչներ են լինելու, և յուրաքանչյուր խաղում նույնիսկ մեկ միավորի կորուստը կարող է շատ թանկ արժենալ։ Հետևաբար` բոլոր խաղերում թիմը միայն մաքսիմալ արդյունք ունենալու համար է դաշտ դուրս գալու։ Հաշվի առնելով, որ այժմ թույլ հավաքականներ չկան, նրանց համառ ու անզիջում պայքար է սպասում։

Մինասյանը նշեց, որ առաջին մրցակցի` Լիխտենշտեյնի հավաքականի խաղն ուսումնասիրել են, գիտեն ուժեղ և թույլ կողմերը։ «Մենք մեր խաղը կկառուցենք դրանք հաշվի առնելով»,- ասաց նա։