Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ

«ԲՀԿ» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պատմել է իր սիրած փողոցի, մայրաքաղաքի խնդիրների և նախկին իշխանության սխալների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։ Sputnik  Արմենիան բացառիկ հարցազրույցներ է ներկայացնում քաղաքապետի թեկնածուների հետ։

Առաջինը հարցերին պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

– Ինչո՞վ է Երևանը տարբերվում աշխարհի մյուս մայրաքաղաքներից։

Հայտնի են Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերի անունները

– Ամեն ինչ շատ պարզ է. Երևանն իմ քաղաքն է, իմ կյանքի մայրաքաղաքը։ Երևանի երկրպագուն եմ։ Սիրահարված եմ նրան։ Ինձ համար այն լավագույն քաղաքն ու լավագույն մայրաքաղաքն է։

– Ձեր սիրած փողո՞ցը Երևանում։

– Սիրում եմ զբոսնել քաղաքով։ Ամեն օր ոտքով առնվազն 10 կմ եմ անցնում։  Զբոսնում եմ Հրազդանի ձորում, Ծիծեռնակաբերդի տարածքում, Կենտրոնում, սակայն սիրած փողոցս` մանկությանս փողոցն է, որտեղ ծնվել և մեծացել եմ։ Սիրում եմ Արամ Խաչատրյան փողոցը։

– Ի՞նչն է պակասում քաղաքին։

– Շատ բան է պակասում Երևանին նրա համար, որ այն կյանքի համար հարմարավետ քաղաք դառնա։ Մի շարք խնդիրներ կան, և շուտով մենք կներկայացնենք այդ խնդիրների լուծման մեր առաջարկները։ Ուզում եմ, որ դրանք  վերացնելուց հետո, մենք կարողանանք հպարտությամբ հայտարարել, որ Երևանը լավագույն քաղաքն է ապրելու համար։

– Ինչո՞վ կարելի է զբաղվել միայն Երևանում։

– Երևանում կարելի է և պետք է ապրել, արարել ու աշխատել։ Երևանը խելահեղ էներգետիկա ունի։ Աշխարհի մի շարք մեգապոլիսներում եմ եղել, և միայն Երևան վերադառնալու ցանկություն է առաջանում։ Երևանը մեր տունն է, բոլորի մոտ և միշտ այստեղ վերադառնալու  ցանկություն պետք է առաջանա։

Քաղաքական «զեբր» և դնովի կուրծք. Փաշինյանի ինչի՞ն է պետք քաղաքապետի պաշտոնի կլոունադան

– Ձեր կարգախոսը…

– Մեր թիմի հետ առաջիկա Ավագանու ընտրությունների համար կարգախոսների մի շարք տարբերակներ ենք քննարկել։ Անձամբ իմ կարգախոսը, որը թիմի անդամները չհավանեցին. «Ապրելու քաղաք` Երևանս»։

– Երևանի մասին, ո՞ր երգն եք ավելի շատ սիրում։

– Երևանի մասին լավագույն երգն ինձ համար միշտ եղել ու մնում է «Էրեբունի-Երևան»–ը։ Սակայն նախընտրական արշավի մեկնարկից հետո մենք անակնկալ կմատուցենք, մի երգ, որը բոլորին դուր կգա։ Սակայն միևնույն է «Էրեբունի–Երևան»–ը մեր հարազատ քաղաքին նվիրված լավագույն երգն է։

– Երևանում առկա ո՞ր խնդիրն եք առավել մեծ  համարում։

– Քաղաքի խեղաթյուրված տեսքը։ Քաղաքն ինչի ասես, որ նման չէ, միայն թե ոչ այն Երևանին, որն ապրում է մեր հուշերում, և որին, անձամբ ես կարոտում եմ։

– Ո՞ր շենքը կարող է որպես քաղաքի այցեքարտ ծառայել։

Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ

– Միանշանակ, Էրեբունի քաղաք–ամրոցը։ Ամբողջ աշխարհում նման պատմամշակութային հին շենքեր հատուկենտ են, սակայն այն ուշադրության չի արժանանում։ Եթե ես քաղաքապետ դառնամ, ապա քաղաք–ամրոցը քաղաքի գլխավոր մուտքը կդառնա։ Հենց այնտեղից պետք է սկսվի Երևանը։

– Քաղաքային իշխանությունների ո՞ր սխալը կարելի է ամենալուրջ սխալը համարել։

– Քաղաքային իշխանություններն այնքան սխալներ են թույլ տվել, որ եթե սկսենք դրանք թվարկել, ապա Քրեական օրենսգրքում ստիպված կլինենք վերականգնել մահապատիժը, և նախկին կառավարիչների մեծ մասին ուղղակի գնդակահարել։

– Ինչպե՞ս է հնարավոր քաղաքին վերադարձնել այն կոլորիտը, որը, երևանցիների մեծ մասի կարծիքով, կորցրել ենք։

– Դրա համար պետք է սեր ու հավատարմություն, ինչպես նաև քաղաքի բոլոր բնակիչների համատեղ աշխատանքը։