Շորտը խանգարեց. Բելգիայի նախկին թագավորին թույլ չեն տվել զբոսանավերի էլիտար ակումբ մտնել

Բելգիայի նախկին թագավորին շորտի պատճառով թույլ չեն տվել Իտալիայի զբոսանավերի ակումբի բար մտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ II-ին թույլ չեն տվել մտնել Իտալիայի հարավում գտնվող զբոսանավերի էլիտար ակումբի բար։ Պատճառն այն է, որ նախկին թագավորը չի պահպանել դրես-կոդը և եկել է շորտով։ Այս մասին այսօր հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բեծ Բրիտանիայի արտգործնախարարը զարմացրել է իր ծաղկավոր «շորտով»

Բարմենը պարզապես չի ճանաչել 84 տարեկան Ալբերտ II-ին, որին ուղեկցել է կինը` մայր թագուհի Պաոլան։ Նա ստիպված է եղել վերադառնալ իր զբոսանավ ու տաբատ հագնել։

Ալբերտ II-ը 2013 թվականի հուլիսի 21-ին գահից հրաժարվելու փաստաթուղթ է ստորագրել հօգուտ իր որդու` Ֆիլիպի։ Հրաժարագիրը ստորագրելուց հետո նա պահպանել է թագավորի տիտղոսը։

Ավելի վաղ թագավորը բողոքել էր իշխանություններին, որ տարեկան 923 հազար եվրո սուբսիդավորումն իրեն չի բավականացնում, այդ թվում նաև նստավայրի ծախսերը հոգալու ու զբոսանավի վառելիքի համար։ Զբոսանավի արժեքը գնահատվում է 4,6 միլիոն դոլար։

Գահակալության ընթացքում Ալբերտ II-ը որպես պետական դոտացիա 11,5 միլիոն եվրո է ստացել: