Որքա՞ն գումար են տարել «Վիվարոյից». Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման ժամանակ դիմակավորված անձը զենքի սպառնալիքով գումար է հափշտակել բուքմեյքերական ընկերությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվարո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018 թ. սեպտեմբերի 4-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվարո Բեթ» բուքմեյքերական կետի վրա:

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 01:35-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, մուտք է գործել «Վիվարո Բեթ» բուքմեյքերական կետ և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել 200.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: