ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել Հատուկ քննչական ծառայության քննիչի այն որոշումը, որով Քոչարյանին արգելվել է մեկնել Հայաստանից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ ՀՔԾ-ն հիշյալ որոշումն իրենց տրամադրելու հարցմանն առայժմ չի պատասխանել, և ստանալուց հետո ամենայն հավանականությամբ կբողոքարկեն այն։
Նախաքննական մարմինը Հայաստանից չհեռանալու մասին Քոչարյանի նկատմամբ որոշումը կայացրել է օգոստոսի 4-ին` այն ներկայացնելով որպես խափանման միջոց։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկրորդ նախագահը ցանկանում է մեկնել Գերմանիա`բժշկական հետազոտության։ Բայց նրա անձնագիրն առգրավված է քննչական մարմնի կողմից, որտեղ նշում են, որ դա անհրաժեշտ միջոց է Քոչարյանի մեկնումը թույլ չտալու համար։
Արամ Օրբելյանն այսօր այդ որոշումն անօրինական որակեց` միաժամանակ հրաժարվելով պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը չունի դիվանագիտական անձնագիր և չի կարող արդյոք մեկնել դրանով։ Փաստաբանը նշեց, որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու համար չի կարող պատասխանել այդ հարցին։
Իսկ ինչ վերաբերում է նախաքննական գաղտնիքի չհրապարակմանը, Քոչարյանի փաստաբանները դիմել են ՀՔԾ`քրեական գործից որոշ փաստեր հրապարակելու իրավունք ստանալու համար, բայց մերժվել են։
«Դրա փոխարեն ՀՔԾ-ն ժամանակ առ ժամանակ որոշ տեղեկություններ է հրապարակում։ Դա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ քննչական մարմինը նախաքննության գաղտնիքի անվան տակ թաքցնում է իր անօրինական գործողությունները»,- ասաց Օրբելյանը։