Ռոբերտ Քոչարյանի անձնագրի հարցն «օրակարգում է». ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել

Հատուկ քննչական ծառայությունը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան կա՛մ մոլորեցնում է հասարակությանը, կա՛մ կասկածի տակ է դնում իր կոմպետենտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` Հատուկ քննչական ծառայությունը հարկ է համարել անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն Հայաստանից չհեռանալու արգելքը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը, հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՔԾ-ն ենթադրում է, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կա՛մ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կա՛մ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը, ըստ ՀՔԾ-ի, կասկածի տակ է դնում հենց պաշտպանի` որպես փաստաբանի և իրավաբանի կոմպետենտությունը։

Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից: