ԱՄՆ դեսպանը ներկայացրեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ իր դիրքորոշումը

Ռիչարդ Միլսն անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործին` ներկայացնելով դրա վերաբերյալ սեփական տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` ներկայացնելով հարցի շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը։

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ «Մարտի 1»-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասել է ԱՄՆ դեսպանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների և 10 անձանց սպանության փաստով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրյալ են ներգրավվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գործող նախագահ Յուրի Խաչատուրովը։ Նրանց նկատմամբ նախաքննական մարմնի առաջարկած խափանման միջոց կալանքը, դատարանի որոշմամբ, փոխարինվել է այլ միջոցներով։

Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել գրավի դիմաց, Ռոբերտ Քոչարյանը` չհեռանալու մասին ստորագրությամբ։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ Քոչարյանի անձնագիրն առգրավված է` Հայաստանից նրա մեկնումը բացառելու նպատակով։