Փաշինյանը փորձաքար է դրել Մուկուչյանի առաջ, մնում է` նրան «պադվադիտ» չանեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին` նշելով, որ դրանից հետո պարզ կլինի ԿԸՀ նախագահի ճակատագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին:

Ըստ թերթի` հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի:

«Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ-ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն»,- նշված է հոդվածում:

Թերթը ուշադրություն է դարձրել նաև ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդին՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»:

Պարբերականը տարօրինակ է համարում նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում: «Այսինքն, ԿԸՀ-ն հաստատում է, որ նախկինում այդպե՞ս է եղել»,ճ եզրափակում է հոդվածագիրը: