ԱԽ քարտուղարը պաշտոնանկ կարվի. Փաշինյանն այդ պաշտոնը խոստացել է ուրիշին. «Հայոց աշխարհ»

Թերթը գրում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն արդեն պաշտոնանկության է պատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում: Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

Պարբերականը տեղեկություններ ունի, որ պաշտոնանկության է պատրաստվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին և այս ընթացքում իրականում որևէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ օգտակար աշխատանք չի իրականացրել»,- նշված է հոդվածում:

Թերթի աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն և ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում: