Ինչպես պետերբուրգցի հայուհին համացանցի աստղ դարձավ. տեսանյութ

Սանկտ Պետերբուրգում աշխատող մատուցողուհի Սյուզաննա Մանուկյանը չի հաղթահարել «Ձայնը» նախագծի նախընտրական փուլը, բայց այդ հանգամանքը չի խանգարել, որ նա ճանաչման հասնի համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում աշխատող Սյուզաննա Մանուկյանը, որը համացանցում հայտնի է դարձել Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգի կատարման շնորհիվ, «ԿՊ-Պետերբուրգ» պարբերականին պատմել է իր գլխավոր հոբբիի մասին։

Խենթացրիր, հայերեն կսովորեմ․ Միրիամ Բաղդասարյանը ցնցել է կանադական «Ձայնի» ժյուրիին

Համացանցի նորաթուխ աստղը հայտնել է, որ երեք տարեկանից երգում է։ Ճիշտ է` պրոֆեսիոնալ կրթություն չունի, բայց վոկալի դասեր է ստացել Երաժշտության տանը։

22 տարեկան Սյուզաննան ցանկացել է մասնակցել հանրահայտ «Ձայնը» նախագծին, բայց լսումների ժամանակ նրան չեն ընտրել։

«Ինձ ասացին, որ ամեն ինչ լավ է, ու ամեն ինչ այդքանով ավարտվեց», — նշել է նա։

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեսանյութ էր հրապարակել, որում Սյուզաննան երգում է Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing հայտնի երգը «Թիկնապահը» ֆիլմից։

Տեսանյութն արդեն մեծ թվով դիտումներ ունի և հիացական արձագանքի է արժանացել Youtube-ում։

«Շատ գեղեցիկ ձայն է, փշաքաղվելու աստիճան։ Բրավո», — գրել է kenlendbox օգտատերը։

«Օգնեք որևէ մեկդ այս հիանալի երգչուհուն։ Նա չպետք է մատուցողուհի աշխատի։ Նրա տեղը բեմում է», — տեսանյութն այսպես է մեկնաբանել Oberdörfer Swetlana-ը։

«Ուիթնի Հյուսթոնից հետո իմ լսած լավագույն կատարումն է», — ավելացրել է Ալեքս Վեսը։

Աղջիկը դպրոցն ավարտելուց հետո մատուցողուհի է աշխատում Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում, աշխատանքի ընդունելու պահանջը եղել է տաղանդավոր լինելը։

Պոտապն ուզում էր` ես հայերեն երգեմ. Սրբուհի Սարգսյանը` Ջամալայի և «Ձայնի» մասին

«Քույրս մանկավարժական համալսարանն ընդունվեց, գլխավոր մասնաշենքը հենց ռեստորանի դիմաց է։ Բաց դռների օրը ինձ հրավիրեցին համալսարանում ելույթ ունենալու, և ես տեսա մի մեծ պաստառ այն մասին, որ պահանջվում են մատուցողուհիներ, որոնք կարողանում են պարել ու աճպարարություն անել», — պատմել է Սյուզաննան։

Ռեստորանի մամուլի ծառայությունում նշել են, որ այդ երևույթը «պարող անձնակազմ» է կոչվում։

«Մեր ռեստորանի յուրաքանչյուր աշխատակից տաղանդավոր է որևէ բանում. նրանք և՛ երգում են, և՛ երաժշտական գործիքներ նվագում, և՛ բրեյք դանս պարում։ Այցելուներն ընթրիքին որպես լրացում դիտում են նաև մեր մատուցողների շոուն», — ասել են մամուլի ծառայությունից։

Շատերը գիտեն այս ռեստորանի ձևաչափն ու գալիս են այստեղ աշխատելու, որպեսզի զարգացնեն իրենց ստեղծագործական հմտությունները։ Այստեղ նրանք արտիստի կարիերա սկսելու հնարավորություն ունեն, չէ՞ որ ռեստորանում կարող է որևէ պրոդյուսեր նկատել նրանց։