Դատարանը ձեռնամուխ է եղել Ջիգարխանյանի նախկին կնոջ գործին. արտիստին կկանչեն հարցաքննության

Մոսկվայում դատարանը ձեռնամուխ է եղել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ գործի լսումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին կհարցաքննեն նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դատարան կգնա՞. Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն է պահանջել

Ինչպես նշել է Ջիգարխանյանի փաստաբանը` Եվգենի Պարֆյոնովը, Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիքը խախտելու մեջ։ Նա հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ արտիստին  կկանչեն դատարան, բայց հարցաքննության ամսաթիվը չի նշել։

Նշենք, որ երեքշաբթի դատարանը սկսել է փակ ռեժիմով գործի լսումը և հարցաքննել չորս վկաների։ Գործի քննությունը կշարունակվի մինչև 24 սեպտեմբեր։

Մասնավորապես Վիտալինային մեղադրում են մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ։ Ըստ մեղադրականի՝ նա հետևել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, որը նաև Մոսկվայի՝ իր անունը կրող դրամատիկական թատրոնի ղեկավարն է։

Նա թատրոնի գրասենյակում տեսախցիկ է տեղադրել, որով պատրաստվել է հետևել ամուսնու հանդիպումներին ու գործնական խոսակցություններին։

Այս հոդվածը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է աղմկոտ իրարանցումը, որի կենտրոնում հայտնվել են Արմեն Ջիգարխանյանն ու նրա երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Դերասանը հայտնել է, որ կինը խաբեությամբ նրանից խլել է փողերը, ունեցվածքն իր անունով է արել ու նույնիսկ փորձել է սպանել իրեն։ Ընդ որում՝ Վիտալինան հայտնել է, որ ինքն անմեղ է ու ամեն ինչում մեղադրում է Ջիգարխանյանի շրջապատին, որը նրա վրա բացասական ազդեցություն ունի։