Տոնը մեկնարկում է. «Նոր ալիքի» գնացքը ժամանեց Սոչի. տեսանյութ

«Նոր ալիք» մրցույթի մասնակիցները երգով դիմավորեցին Մոսկվայից ժամանած հյուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Նոր ալիք 2018»-ը մեկնարկում է այսօր, մասնակիցներին տեղափոխող ֆիրմային գնացքն արդեն Սոչի է հասել։

Գնացքով ժամանած հյուրերին դիմավորել են մասնակիցները և հենց կառամատույցում երգել մրցույթի օրհներգը` «Ինչո՞վ չափել Սոչին»։

Հայաստանը մրցույթին կներկայացնի երգիչ Գևորգ Հարությունյանը, որն անձամբ է այդ մասին հայտնել Facebook սոցցանցի իր էջում։

Մրցույթը մեկնարկում է սեպտեմբերի 4-ին գալա համերգով։ Առաջին մրցութային օրը` սեպտեմբերի 5-ին, կկայանա A`Studio խմբի ստեղծագործական երեկոն։ Երկրորդ մրցութային օրը` սեպտեմբերի 6-ին, կկայանա Վլադիմիր Պրեսնյակովի ստեղծագործական երեկոն։ Ուրբաթ նախատեսված է մանկական գլխավոր իրադարձությունը, որը կոչվում է «Սուպեր երեխաներ Fest»։

Հայտնի է` որ երգիչը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք 2018» մրցույթում

Նախընտրական փուլերին մասնակցելու համար ավելի քան 9 հազար հայտ էր ներկայացվել։ Ժյուրիի նախագահը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն է։

Հաղթողների ելույթները կգնահատեն Իգոր Նիկոլաևը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալսուն, Սերգեյ Լազարևը, Անժելիկա Վառումը, Անի Լորակը, Դմիտրիս Կոնտոպուլոսը, Ինտարս Բուսուլիսն ու Արման Դավլետյարովը։

2002-2014 թվականներին երաժշտական մրցույթն անցկացվում էր Յուրմալայում։ Այնուհետև կազմակերպիչները մրցույթը տեղափոխեցին Սոչի։ Պատճառներից մեկն այն էր, որ Լատվիայի իշխանությունը ռուսաստանցի արտիստներին արգելեց այցելել երկրի տարածք։ Ամեն տարի ժյուրիի կազմը համալրում են արտիստներ և երաժիշտներ Ռուսաստանից և այլ երկրներից։