Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Արմեն Ուլիխանյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է իր որոշման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հայտնել է, որ որոշել է իր լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացնել։ Այս մասին նա այսօր գրառում է արել Ֆեյսբուքում։

Ո՞վ կփոխարինի սկանդալի մեջ հայտնված Արա Վարդանյանին. ցանկացողները շատ են, աթոռը` մեկը

«Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ»,– գրել է նա:

Ուլիխանյանը հիշեցրել է, որ վարչական շրջանի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից։

«Աշխատանքային յուրաքանչյուր օր գիտակցել եմ, որ ոչ միայն վարչական շրջանի ղեկավար եմ, այլև մարդ, ով ապրել ու մեծացել է Մասիվում, ընկերների ու հարազատների ջերմ միջավայրում», գրել է Ուլիխանյանը։

Նա նաև նշում է, որ իր աշխատանքն իրականացրել է Նոր Նորքի բնակիչների հետ սերտ համագործակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իր գործընկերների հետ համատեղ ջանքերով, ինչի համար իր շնորհակալությունն է հայտնում բոլորին։