Բողոքի ակցիա Երևանում. վարորդները իշխանություններից են պահանջում կարգի բերել երթուղին

Վրդովված վարորդները պահանջում են ՀՀ կառավարությունից կարգավորել խնդիրն ու հետևել գծում տիրող վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երևան–Արմավիր միկրոավտոբուսների վարորդները ցույց են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհ են, որ կողմնակի մեքենաները «մեջ են ընկնում» ու տանում են ուղևորներին։

Խաղողագործներն ընդդեմ «Արարատ» գործարանի. ինչու՞ է Արմավիր–Երևան մայրուղին փակվել

«Ըստ պլանի մենք պետք է օրական երեք ռեյս անենք` երկու ուղղությամբ։ Իսկ հիմա մեկ–մեկուկես ենք անում։ Իսկ հանգստյան օրերին լինում է, որ անգործ ենք մնում։ Տաքսիները փախցնում  են բոլոր ուղևորներին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նրա խոսքով` տաքսիները միկրոավտոբուսի չափ են վերցնում` նույն 400 դրամը։ Վարորդները պարզաբանում են, որ նույն գումարի դիմաց ավելի հաճույքով փոքր մեքենա են նստում, քան միկրոավտոբուս։

«Այսպես էլ նստում ենք։ Բա ի՞նչ անենք։ Թող կառավարությունը կարգի բերի։ Մենք ընկերությունում ենք աշխատում։ Այն մրցույթով  է այդ երթուղու իրավունքը ստացել։ Պետությունն է տվել այդ իրավունքը։ Ուրեմն` պետք է հետևի», – ասել է ցուցարարներից մեկը։

Այդ երթուղին ամենաեկամտաբերներից է, այդ պատճառով նախորդ իշխանության ժամանակ «օտարներին» հետևում էին։

Երթուղին ղեկավարում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, որը կապում են ՀՀԿ–ի խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի հետ։

Նույնքան խիստ կարգեր էին տիրում Երևան–Էջմիածին գծի վրա։ Այդ գիծը ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանի զարմիկ, պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. ներկրողները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Բայց հիմա ամեն ինչ պետք է կարգավորի տրանսպորտի տեսչությունը։ Իսկ ու՞ր է այն։ Այդ հարցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ուղղեցին տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանին։

Նա պարզաբանեց, որ տեսչությունը հանել են նախարարության կազմից, այդ պատճառով փոխներգործությունը ժամանակավորապես խախտվել է։

«Շուտով կվերականգնենք մշտական կապը, ու տեսչությունը կշարունակի կանխել նման խախտումները», – ասաց նախարարը։

Նշենք, մի քանի օր առաջ տրանսպորտի նախարարությունը խոսք էր տվել մինչ սեպտեմբերի 4–ը հանել անկոչ հյուրերին այդ երթուղուց։ Սակայն այսօր ցույցը շարունակվեց։