Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենն արդեն գիտի, թե ինչպես է կարելի է ֆուտբոլը զարգացնել Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:

Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել։

«Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ո՛չ անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- ասաց Վանեցյանը:

Վանեցյանը հայտնեց, որ ոլորտն ուսումնասիրել է և արդեն ծրագրեր էլ ունի, որոնք պատրաստվում է իրականացնել։ Նրա խոսքով` այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:

«Իմ ընտրվելու դեպքում կարծում եմ` մեծ օգուտ կտամ ֆուտբոլին». Վանեցյան

Վանեցյանն առաջնահերթություն է համարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։

«Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ընդգծեց Վանեցյանը:

Նա հայտնեց նաև, որ արդեն հանդիպում ունեցել է Հայաստանի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին կընտրեն սեպտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ 2002թ.-ից ՀՖՖ ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը։