Տարոն Մարգարյանը կհարցաքննվի

Երևանի նախկին քաղաքապետը կհարցաքննվի «Երևան» հիմնադրամում կատարված չարաշահումների գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- ասաց նա:

Վանեցյանն ավելացրեց, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում:

Հունիսի 13-ին հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն հաղորդում է ստացել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը հրաժարական տվել. բացատրում է ՀՀԿ–ական փաստաբանը

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ: