Ռոբերտ Քոչարյանն ԱԺ ընտրություններում հաջողության կհասնի՞. քաղտեխնոլոգի պատասխանը

Քաղտեխնոլոգը համոզված է, որ թեև հիմա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը բավականին սահմանափակ է, այդուհանդերձ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու հնարավորությունները կարող են ավելանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու ՀՅԴ-ն կարող են միավորվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ մեծացնել նրա հնարավորությունները։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նախկին նախագահը հայտնել էր, որ մեծ քաղաքականություն է վերադառնում ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Քոչարյանն ասել էր, որ դեռ վաղ է քննարկել իր մասնակցության ձևաչափը, քանի որ դեռ բավարար ժամանակ կա։

Փորձագետի կարծիքով` Քոչարյանը քաղաքական ուժեղ բևեռ է` հաշվի առնելով նրա փորձը, աշխարհաքաղաքական աջակցությունն ու ֆինանսական հնարավորությունները։ Սակայն ընտրազանգվածի ռեսուրսները հիմա զրոյական են։ Քաղտեխնոլոգը նշեց, որ Քոչարյանի հնարավորությունները կավելանան, եթե նա ոչ ուղղակիորեն մասնակցի ընտրություններին։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա Կարեն Քոչարյանի կարծիքով` այդ կուսակցությունը կսպասի ու կաջակցի այն ուժին, որը հաղթանակի ավելի մեծ հնարավորություն կունենա։

Ըստ փորձագետի` եթե նախկին նախագահի քաղաքական ուժը մեծանա, ապա «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լույս» դաշինքը («Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները) կրկին կմիանան ու համատեղ ուժերով կփորձեն խորհրդարանական մեծամասնություն կազմել։

«Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշն ու վստահությունը մեծ է, բայց արդյո՞ք այդ վստահությունը կպահպանվի` հաշվի առնելով գնաճը։ Վարչապետի թիմակիցները պետք է մտածեն այդ մասին», — ընդգծեց քաղտեխնոլոգը։

Քոչարյանը համարում է, որ մեծ ընտրազանգված ունի նաև վերջերս ձևավորված «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Նրա համոզմամբ` եթե կուսակցությունը որոշեր մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններին, ապա հաստատ կհաղթահարեր 6%-ոց պատնեշը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի ուշ «ապօրինի» որակեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը` հույս հայտնելով, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այն, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Քոչարյանը դեռ ազատության մեջ է, բայց մեղադրանքը հանված չէ։