ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ–ում պարզաբանել են` ինչպես է կարելի գործընկեր դառնալ. քննարկել են Խաչատուրովի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Շարմազանովը կարևորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում:

«ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: Դեսպանն իր հերթին կարևորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարևորելով նաև ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը:

Ընդգծելով, որ հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարևորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները: