PR-ն ավարտվեց, ժամանակն է աշխատելու. ինչպես է Աշոտյանը գնահատում կառավարության աշխատանքը

Քաղաքացիները կառավարությունից կոնկրետ քայլեր են ակնկալում։ ՀՀԿ փոխնախագահը վերլուծել է կառավարության գործունեության 100 օրն ու Փաշինյանի կառավարության լեգիտիմության աստիճանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. 100 օրը կառավարության համար բավական էր մաքսիմալ PR դիվիդենտներ շահելու համար։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը` հավելելով, որ հիմա քաղաքացիները կառավարությունից արդեն կոնկրետ քայլեր են սպասում։

«Կարծում եմ, որ այս կառավարությունը եկել է իշխանության ոչ թե ցույց տալու, որ ինքը մի քիչ ավելի լավն է, քան նախկինները, այլ, որ ավելի լավը դարձնի քաղաքացիների կյանքը։ Այս ուղղությամբ քայլեր դեռևս չկան։ Փաշինյանը պետք է օգտագործի երկրում առկա էներգետիկան՝ պետության ինստիտուցիոնալ հիմքերը կայունացնելու համար, այլ ոչ թե ապակայունացնելու, ինչպես արել է այս 100 օրերի ընթացքում»,- ասաց նա։

Աշոտյանը նաև կարծիք հայտնեց, որ ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որն ունի բարձր աստիճանի լեգիտիմություն, նրա ղեկավարած կառավարությունը նույն չափով լեգիտիմություն չունի։ Ավելին` կառավարության անդամներից ոմանք այս ամիսների ընթացքում միայն խնդիրներ են առաջացրել վարչապետի համար։