ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի խաղողագործներն առավոտից փակել են Արմավիր-Երևան մայրուղին և պահանջում են վերանայել Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի կողմից խաղող գնելու գները։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց բողոքի ակցիայի մասնակից Կարեն Սիսակյանը։
«Երեկ իմացանք, որ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը ուզում է մեզնից 1 կգ խաղողը գնել 140 դրամով, այնինչ դա մեզ վրա 110-120 դրամ է նստում», — ասաց Սիսակյանը։
Նրա խոսքով` իրատեսական չէ խաղող մշակել և աճեցնել նման գնի պարագայում։ Սիսակյանը հիշեցրեց, որ խաղողագործությունը Հայաստանի գյուղատնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։
«Փակել ենք ճանապարհը, ուզում ենք լուծել հարցը։ Կոնյակի գործարանի տնօրենը դուրս եկավ և ասաց, որ դա այն վերջնական գինն է, որ կարող են առաջարկել», — ասաց Սիսակյանը։
Նա ընդգծեց, որ կոնյակի գործարանի և իրենց միջև 2000-2010 թվականների համար կնքված նախնական պայմանագրի համաձայն` իրենք խաղողի համար ստանում էին 145-152 դրամ։ 2010 թվականին պայմանագիրը թարմացվել էր, բայց փաստաթղթում գին չէր սահմանվել։
«Բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ խաղողը ընդհուպ մինչև 2015 թվականը պետք է վաճառվի 130 դրամով», — ասաց Սիսակյանը։
2015 թվականին խաղաղը վաճառվում էր 150 դրամով, 2016 թվականին գինն իջավ մինչև 130 դրամ։ Այսօր գյուղացիները պահանջում են, որ գնեն 180 դրամով։ Սիսակյանը պնդում է, որ 120-130 դրամը, որն առաջարկում է գնորդը, ինքնարժեքից ցածր է և ծախսերը չի փակում։
Արմավիրի մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց, որ անում է հնարավոր ամեն բան գլխավոր ավտոմայրուղին արագ ազատելու համար։