Երեխաները հիվանդանոցում են, վարորդը՝ ազատության մեջ. Երևանի սարսափելի ՃՏՊ–ի մանրամասները

Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և վրաերթի է ենթարկել հետիոտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Երևանում օգոստոսի 28-ին տեղի ունեցած սարսափելի և իր էությամբ անհեթեթ վրաերթի կադրերը հայտնվել են համացանցում։

Shamshyan.com կայքում հրատարակած տեսանյութում երևում է, որ BMW մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ իջնում է վերևից, այնուհետև վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է գալիս ճամփեզր և վրաերթի է ենթարկում անցորդներին։ Կանգնելու և մարդկանց օգնություն ցուցաբերելու փոխարեն, նա լքում է դեպքի վայրը։

Ավտովթար-վրաերթ Արմավիրում. Ford-ը վրաերթի է ենթարկել ГАЗель-ի հետևում կանգնած հետիոտներին

Միջադեպի հետևանքով չորս մարդ հոսպիտալացվել է։ Պարզվել է տուժածների ինքնությունը։ Վրաերթի էին ենթարկվել Մանուշակ Ֆահրադյանը (29 տարեկան) և նրա դուստր Աննա Մարգարյանը (3 տարեկան), ինչպես նաև Մարիամ Չիչյանը (27 տարեկան) և Ալեքս Իլանգուլյանը (4 տարեկան):

Մ. Ֆահրադյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, Ա. Մարգարյանն ու Ա. Իլանգուլյանը` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Մ. Չիչյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

3 տարեկան աղջկա վիճակը կայուն ծանր է։ Նա մինչև հիմա կոմայի մեջ է, ընդ որում` նախօրեին անջատել են արհեստական շնչառության սարքը։ Աղջիկը վնասվածքներ ունի որովայնի, կրծքավանդակի և գլխուղեղի շրջանում։

Տղայի վիճակը համեմատաբար կայուն է։ Նա այժմ գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում։ 27-ամյա Չիչյանին արդեն դուրս են գրել հիվանդանոցից։

ՃՏՊ–ի կասկածյալ BMW–ի վարորդ Սարի թաղի 35-ամյա բնակիչ Արտակ Ստեփանյանը միջադեպից որոշ ժամանակ անց անձամբ է ներկայացել ոստիկանություն։

Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական գործ դեռ չի հարուցվել։ Քանի որ ոչ ոք չի մահացել, վարորդի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։