ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր այդ մասին։
«Առաջիկայում նախատեսվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում։ Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հնարավորությունները։ Իհարկե, մեզ համար միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչ տեսք ունեն ՀԱՊԿ-ի դիմաց Հայաստանի պարտավորությունները, մենք ելնում ենք նրանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է լիովին կատարել, այդ թվում այն հարցում, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանը և վարկանիշին», — ասել է նախարարը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առաջ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, թե հրաժարվել են նախորդ իշխանության նկատմամբ քաղաքական հետապնդումից։ Նրա խոսքով` Մոսկվան, որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ։ Փաշինյանը, մեկնաբանելով Լավրովի խոսքերը, հայտարարել էր, որ ռուս գործընկերները պետք է ադապտացվեն Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին։