ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Թումո»-ն այն տեղերից է, որտեղ կարող ենք միասին աշխատել: Այս մասին այսօր ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն:
Այս մասին տեղեկացնում են կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ճապոնիայի արտգործնախարարը պատիվ է համարել Հայաստան այցելելը: Նա իր տպավորություններն է կիսել և իր հիացմունքն է հայտնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելի մասին:
Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ Հայաստանն ու Ճապոնիան փոխգործակցության զարգացման և խորացման մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում:
««Թումո»-ն այն տեղերից է, որտեղ ևս կարող ենք միասին աշխատել: Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները», — նշել է նա:
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձևավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին և իրականացվող բարեփոխումներին: Տարո Կոնոն ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում:
Տնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարի «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, նորարարությունների ոլորտներում գործակցության զարգացումը: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ վարչապետի առաջարկը և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանում և Ճապոնիայում երկու երկրների մշակույթի օրերի անցկացման անհրաժեշտությունը, կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ձևավորել համատեղ օրակարգ և ակտիվ աշխատել այն կյանքի կոչելու համար:
Վարչապետը կարևորել է նաև հումանիտար ու գործարար կապերի սերտացումը և այս նպատակով ՀՀ կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար մուտքի արտոնյալ ռեժիմի սահմանումը, որի շրջանակում նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: