ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում սելֆիի պատճառով տանիքից ընկած և վնասվածքներով հոսպիտալացված տղայի վիճակը բավարար է: Նա տեղափոխվել է պալատ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Երևանի Աստվածամայր հիվանդանոցից:
Նշենք, որ դեպքը գրանցվել էր օգոստոսի 31-ին, երբ 17-ամյա ՌԴ քաղաքացի Վարդգես Հարությունյանը բարձրացել էր Գյումրիի Սևերսկի թաղամասում գտնվող կիսաքանդ շենքերից մեկի՝ նախկին հոսպիտալի տանիք՝ սելֆի անելու նպատակով: Կիսաքանդի տանիքից երիտասարդը սայթաքել ու վայր էր ընկել։
Այն, որ տղան կիսաքանդ շենքի տանիք բարձրացել է լուսանկարվելու համար հաստատում են նաև տղայի ընկերները, ովքեր և ահազանգել են շտապօգնություն: 17– ամյա տղային տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները տղայի վիճակը գնահատել են ծանր և այնտեղից ռեամոբիլով ուղարկել Երևան: Տղան վնասվածքներ է ստացել գլխի շրջանում:
Հավելենք, որ տղայի հարազատները այս պահին գտնվում են Տյումենում, նա ապրում է տատիկի հետ Գյումրիում: