Ամենամյա պարգևատրում. Հայաստանում կորոշեն զբոսաշրջության ոլորտի լավագույններին

Կազմակերպիչները հույս ունեն, որ մրցանակը խթան կհանդիսանա Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Армения туристическая» ամսագրի հինգերորդ ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա Երևանում սեպտեմբերի 8-ին։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտնեց մրցանակաբաշխության կազմակերպիչ Անահիտ Գևորգյանը։

Առաջիկա արարողությունը կտարբերվի նախորդներից, նախևառաջ, անվանակարգերի ցանկի ընդլայնմամբ։ Այս տարի առաջին անգամ մրցանակ կշնորհվի լավագույն զբոսաշրջային սթարթափին, լավագույն էկոնախագծին և Արցախի լավագույն ռեստորանին։ Մասնակիցներն ընդհանուր առմամբ կմրցեն 15 անվանակարգում։ Կազմակերպիչները գունեղ շոու են խոստանում։ Հաղթողներին դիպլոմներ և բրոնզաձույլ արձանիկներ կհանձնեն։

«Հույս ունենք, որ այս մրցանակը կխթանի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը և ընդհանուր առմամբ կնպաստի Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը», — ընդգծեց Գևորգյանը։

«Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանն իր հերթին նշեց, որ ամսագիրը ներառվել է «Ռուսաստանի ոսկե գրիչ» («Золотое Перо Руси») մրցանակի տասնյակում, որում ընդգրկված են նաև «Օգոնյոկը» («Огонек»), «Աշխարհի շուրջ» («Вокруг света») և «Ժողովուրդների բարեկամություն» («Дружба народов») պարբերականները։

Մրցանակաբաշխությունը կբացի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառմանը կմասնակցեն գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ։

«Армения туристическая» ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ մրցանակաբաշխության արարողությունն արդեն առանձին նախագիծ է դարձել։ Սպասվող միջոցառման ժամանակ կներկայացվի մրցանակաբաշխության կայքը։

Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ապագայում մրցանակը զբոսաշրջության ոլորտում որակի չափանիշ կդառնա։