Տնտեսությունը նոր մոտեցում է պահանջում. Արծվիկ Մինասյանը` Քոչարյանի վերադարձի մասին

Տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը համարում է, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Գալ, նշանակում է իրականացնել քաղաքական գործունեություն ու մասնակցել ընտրություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին հարցին, ասաց տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախարար Արծվիկ մինասյանը` միաժամանակ հայտարարելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի ցանկանում պատասխանել։

«ՀՀ Սահմանադրության պաշտպաններից մեկն են և համարում եմ, որ ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ», — ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականության գնահատականին, Մինասյանն ընդգծեց, որ այն ժամանակ Հայաստանն ունեցել է երկնիշ տնտեսական աճ, բայց և հավելեց. «Դա պայմանավորված է եղել նաև արդյունավետ կառավարմամբ, բայց մենք ունեցել ենք վերականգնողական ժամանակաշրջան, որը սպառվել է, և տնտեսական քաղաքականության ու ամբողջ համակարգի վերափոխման անհրաժեշտություն կա»։

Հայաստանի տնտեսությունն ու ժամանակակից աշխարհը, Մինասյանի խոսքով, նոր մոտեցումներ են պահանջում։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն և պատրաստվում է մասնակցել ԱԺ–ի առաջիկա ընտրություններին։