Գժտության համազգեստ. հայ առևտրականները դժգոհ են կրթության նախարարի որոշումից

Նախարարը հայտարարել է, որ դպրոցում սև ու սպիտակ հանգնելն այլևս պարտադիր չէ, ինչից հետո, ըստ առևտրականների, վաճառքի ծավալները նվազել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կրկին խոսեց դպրոցներում սև-սպիտակ համազգեստ հագնելու մասին։

Երկուշաբթի առավոտյան կառավարության շենքի մոտ հավաքվել էին նախարարի որոշումից դժգոհող առևտրականները։ Նրանց խոսքով` Հարությունյանի հայտարարությունից հետո սև ու սպիտակ հագուստը չի վաճառվել։

Այդ պահին կառավարության շենքից դուրս եկավ հենց Հարությունյանը և ասաց, որ ընդամենը պաշտպանել է աշակերտների իրավունքները։

«Ես ընդամենն ասել եմ, որ պետք չէ պարտադրել երեխաներին սև տաբատ և սպիտակ վերնաշապիկ հագնել։ Եթե դպրոցականներն ուզում են հագնել, ոչ ոք չի արգելում։ Արգելվում է սև ու սպիտակ հագնելու պարտադրանքը», — ասաց նախարարը։

Նրա խոսքով` խոսքը վերաբերում է հագուստի և համազգեստի ընտրության իրավունքին։ Տարիներ շարունակ ծնողներին պարտադրել են, իսկ հիմա այդ կարգն այլևս չի գործում։