ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ավելի քան 100 քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի մոտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում, բայց չեն ուզում քաղաքականացնել բողոքի ակցիան։
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտարարում են, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը դադարեցնելուց հետո ապրանքների ներկրումը բարդացել է։ Նրանց խոսքով` բացի այն, որ դժվարացել է մաքսազերծման գործընթացը, այլ նաև բարձրացել են սակագները։
Հիշեցնենք` Պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը բեռնափոխադրումների մաքսային կարգո ծառայությունների ոլորտում, նույն գործառույթներ իրականացնող ինչ-որ նոր ընկերություն չի ստեղծվելու, և բոլոր տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է զբաղվեն մաքսային գործարքներով։
«Եթե նախկինում մեկ կիլոգրամ բեռը մաքսազերծելու համար վճարել ենք 3 դոլար, որից 70-ը վերցրել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, ապա հիմա մենք ստիպված ենք վճարել 4,2 դոլար և անհատապես մաքսազերծում անել։ Շատ ժամանակ է խլում։ Պատահում է, որ ապրանքները փչանում են, իսկ սեզոնային հագուստն ուղղակի չի վաճառվում», — ասաց ցուցարարներից մեկը։
Ակցիայի մասնակիցները ցանկացան հանդիպել նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Նրանք նշեցին, որ Հարությունյանի հայտարարությունից հետո (սև-սպիտակ համազգեստն այլևս պարտադիր չէ դպրոցում. խմբ) իրենց բերած հագուստն այլևս չի վաճառվում։ Նախարարը մոտեցավ ակտիվիստներին, լսեց նրանց պահանջները և ասաց, որ սև ու սպիտակ հագուստը չի արգելվել պարզապես այլևս պարտադիր չէ։
Հիշեցնենք` վերջին տարիներին բեռնափոխադրումների մաքսային կարգո ծառայությունների ոլորտում աշխատող «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունն այդ բնագավառում գերիշխող դիրք ուներ։
2018թ-ի մայիս ամսին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել էին, քրեական գործով որպես վկա հարցաքննության էին կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: