Հայաստանի ատոմակայանում ավելորդ մարդիկ չկան. տնօրեն

Ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրենն արձագանքեց վարչապետի հայտարարությանը և կայանի աշխատանքի վերաբերյալ սեփական փաստարկներ ներկայացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայկական ատոմակայանի անձնակազմում չկան չարդարացված հաստիքային միավորներ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր. «Ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ աշխատողներ են։ Այդ հաստիքների անհրաժեշտությունը չկա։ Բայց այդ մարդիկ կան, աշխատավարձ են ստանում, և սա էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 մլրդ դրամի կշիռ ունի»։

«Իմ կողմից այդքան ճիշտ չի լինի մեկնաբանել վարչապետի ասածը։ Կարող եմ միայն ասել, որ մենք հիմնավորում ենք մեր բոլոր ծախսերը, այդ թվում` անձնակազմի։ Այդ հաշվարկները մենք անում ենք ամեն անգամ, երբ անկախ կարգավորիչը հաստատում է էլեկտրականության նոր սակագները։ Հաշվարկները ներկայացրել ենք նաև այս տարի», — նշեց նա։

Վարդանյանը հիշեցրեց, որ ատոմակայանն այժմ հիմնանորոգվում է։ Նրա խոսքով` աշխատանքների ծավալը շատ մեծ է։

«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան

Հիշեցնենք` ԱԷԿ-ի աշխատանքի երկարացման աշխատանքն իրականացվում է 270 միլիոն վարկային գծով ու Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 միլիոն դոլար դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև 2019 կամ 2020 թվականը, իսկ կայանի ծառայության նախագծային ժամկետը երկարացվել է մինչև 2027 թվական։ Հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է, որն ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայում։

Հունիսին վարչապետը հայտարարել էր գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու անհրաժեշտության մասին։ Դրա համար էներգետիկայի նախարարությունը և ՀԾԿՀ-ն ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ։ Բայց այն առայժմ եզրակացություն չի արել։ Այնուամենայնիվ, հուլիսի 1-ից նվազել են էլեկտրաէներգիայի սակագները, իսկ օգոստոսի 1-ից նվազել է գազի գինը` անապահով ընտանիքների համար։