Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն արդեն ազդել են Հայաստանի վրա

Հայկական փայլաթիթեղի մուտքն ԱՄՆ արգելվել է։ ՀՀ կառավարությունը փորձում է բացել փակ դուռը։ Մանրամասները ներկայացրել է Արծվիկ Մինասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի դեմ կիրառած ամերիկյան հերթական պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ից, արդեն իսկ որոշակի ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին այսօր, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

2018-ի երկրորդ կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ գործարանի արտադրած փայլաթիթեղի արտահանումն ԱՄՆ գրեթե դադարեցվել է։

«Արտահանման առնվազն կեսն ԱՄՆ էր գնում։ Բայց մենք հիմա աշխատում ենք ԱԳՆ-ի հետ և ներգրավել ենք նաև ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին; Աշխատում ենք ամերիկյան կողմի հետ, որպեսզի ճիշտ ընկալում ձևավորվի, և պատժամիջոցները մեծ հաշվով չտարածվեն Հայաստանում տեղակայված կազմակերպության վրա»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նշեց, որ բանակցություններում նախնական դրական զարգացումներ կան, բայց չցանկացավ բացել փակագծերը և ժամանակից շուտ այդ հարցի շուրջ հայտարարություն անել։

Ի դեպ, հայկական արտադրության փայլաթիթեղը Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքատեսակների ընդհանուր ծավալի շուրջ 70 տոկոսն է կազմում։

Հիշեցնենք`Հայաստանի ԱՐՄԵՆԱԼ գործարանը ստեղծվել է ռուսական ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ.-ին`Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Հայկական գործարանը ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը: