Սարգսյանը հետ կանչեց Անդրանիկ Մանուկյանին. որոշումը ստորագրված է

Մանուկյանի` դիվանագիտական աշխատանքը թողնելու որոշումն ավարտվեց ՀՀ նախագահի ստորագրած փաստաթղթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, որով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անդրանիկ Մանուկյանը: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է նախագահի որոշման մեջ:

Սարգսյանը որոշումը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

Հիշեցնենք` Մանուկյանը օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ որոշել է թողնել դիվանագիտական աշխատանքը։  «Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ, և փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ խնդրանքով, որ ինձ հետ կանչեն Երևան, վերջին անգամ` այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ»,- գրել էր նա:

Նշենք, որ Մանուկյանը եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը, Սերժ Սարգսյանի խորհրդականը։ Նա Սերժ Սարգսյանի հրամանով 2010 թ.-ի ապրիլի 26-ին նշանակվել էր Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ չնայած այն հանգամանքի, որ նա դիվանագետ չէ։ Նույն օրը նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։