Ինչո՞ւ են զբոսաշրջիկները գալիս Հայաստան. պատասխանում է նախարարը

Բուժական զբոսաշրջությունը վերջին տեղում է Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. 2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանողների թիվը 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Այս մասին այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա տնտեսական ցուցանիշները, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Այս տարի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են եկել 685 970 մարդ, Հայաստանից մեկնողները եղել են 610 900-ը։

Ընդ որում, Հայաստան ավելի շատ եկել են ԱՊՀ երկրներից։ Այս երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի 11 տոկոսով։ Երկրորդ տեղում Եվրամիության երկրներից ժամանողներն են։

«52.5 տոկոսը ՀՀ են ժամանել հանգստի և ժամանցի նպատակով, 22.9-ը` գործնական նպատակով, 1.5 տոկոսը` բուժման նպատակով»,- ասաց Մինասյանը։

Իսկ ներքին զբոսաշրջության պարագայում աճն այս տարի կազմել է 17.1 տոկոս։ Ընդ որում, 69.9 տոկոսը Հայաստանի տարածքում տեղաշարժվել են հանգստի և ժամանցի նպատակով, 1.8 տոկոսը` գործով, 3.4 բուժման նպատակով։