Քոչարյանի վերադարձն ուշացած է, բայց և՝ ոչ անհեռանկար. ի՞նչ են ասում փորձագետները

ՀՀ վարչապետը նախկինի պես դեռ վայելում է ընտրազանգվածի զգալի մասի աջակցությունը։ Բայց ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ֆորսմաժորային իրավիճակները բացառված չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik, Աշոտ Սաֆարյա. ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը քաղաքականություն և ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նրա մտադրությունը ոչ միանշանակ էր ընկալվել հասարակության և փորձագիտական շրջաններում։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն, օրինակ, կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն ուշացրել է քաղաքականություն իր վերադարձը։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը, պետության նախկին ղեկավարն իր վերադարձի մասին առնվազն 5 տարի առաջ պետք է հայտներ։

«Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն». Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը

«Այն ժամանակ նրա դիրքերն ավելի ամուր  կլինեին։ Այսօր, «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ իշխանությունը նոր է փոխվել, և այդ իշխանության վարկանիշը բավական բարձր է, Քոչարյանի շանսերը նվազագույն են։ Նրա վերադարձը հասարակության համար անհասկանալի է դառնում», –նշեց Բոզոյանը։

Երկրորդ նախագահն ավելի վաղ մեզ տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ կմասնակցի ապագա խորհրդարանական ընտրություններին, իր շուրջը համախմբելով նրանց, ովքեր հիշում են իր նախագահության տարիները և այդ տարիների տնտեսական զգալի ձեռքբերումները։

Միևնույն ժամանակ Բոզոյանը, կարծում է, որ եթե երկրորդ նախագահը վերադառնար Սերժ Սարգսյանի օրոք, դառնալով նրա սփարինգ–գործընկերը, ապա նա հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենար։ Հաշվի առնելով Սարգսյանի կառավարումից հասարակության դժգոհությունը, Քոչարյանը կկարողանար իր կողմը քաշել ընտրազանգվածի զգալի հատվածին։

«Իրավաբանական աղբ». Ռոբերտ Քոչարյանը` «Մարտի 1-ի» գործի մասին

«Սակայն այսօր մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին, որը փաստորեն կարողացավ հաղթել Սարգսյանին։ Եվ այս պայմաններում Քոչարյանի վերադարձն ընկալվում է  որպես քրեական հետապնդումից խուսափելու փորձ։ Նրա գործողություններում ավելի շատ անձնական մոտիվացիա կա, քան զուտ քաղաքական», – ավելացրեց Բոզոյանը։

Սակայն միևնույն ժամանակ Քոչարյանի հաջողությունը կախված է նրանից, թե որքան երկար Փաշինյանը կկարողանա պահպանել իր բարձր վարկանիշը։  Եթե տնտեսության, սոցիալական ոլորտում վարչապետի քաղաքականությունը շարունակի համապատասխանել հանրության մեծ մասի սպասումներին և պահանջմունքներին, ապա Քոչարյանը հազիվ թե ԱԺ ընտրություններին հաջողություն գրանցի։

Եթե Փաշինյանը մինչ այդ լուրջ սխալներ թույլ տա, ապա երկրորդ նախագահի հնարավորությունները կմեծանան։

Նրա խոսքով`  այժմ դժվար է կանխատեսել, թե արդյոք Փաշինյանի կառավարությունը կկարողանա հաջողությունների հասնել, թե ոչ։ Վարչապետ ընտրվելուց 100 օր անց, էյֆորիան դեռ պահպանվում է։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները ենթադրաբար կանցկացվեն 2019 թվականի ապրիլին։

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` Քոչարյանի շանսերը միանշանակ զրոյական գնահատել չի կարելի։  Քանի որ արտահերթ ընտրություններից առաջ, ներքաղաքական լանդշաֆտը կարող է լուրջ փոփոխություններ կրել։

Արտահերթ ընտրություններից առաջ հեղափոխական էյֆորիան կնվազի, և իշխանության հասցեին քննադատությունը զգալիորեն կուժեղանա։ Եվ չի բացառվում, որ երկրորդ նախագահը կօգտվի այդ իրավիճակից։

Սակայն միևնույն ժամանակ փորձագետը գրեթե անհնար է համարում այն, որ Քոչարյանը կկարողանա իշխանությունից դուրս մղել Նիկոլ Փաշինյանի թիմին։

«Գործող իշխանության բոլոր թերությունների հետ մեկտեղ, այն զգալի ընտրազանգված և վարչարարական ռեսուրսներ ունի։ Բացի այդ ևս մեկ սցենար կա, որն այժմ այդքան էլ քիչ հավանական չէ։ Երկրորդ անգամ Քոչարյանի կալանավորումը։ Սա ևս կարևոր գործոն է, որը պետք չէ անուշադրության մատնել», – նշեց Բադալյանը։

Բայց պետք է նաև հաշվի առնել, որ եթե Երևանի քաղաքապետի ընտրություններին հաղթի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, այդ հանգամանքը ԱԺ ընտրություններին Փաշինյանի համար լրացուցիչ հաղթաթուղթ կդառնա։