Արցախի անվտանգությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է արցախցիներին` անկախության տոնի առիթով ու վստահեցրել. Արցախի անվտանգությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ։ Դրանում մասնավորապես ասվում է, որ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։

«Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցավ պատերազմների, ավերների, մարդկային կորուստների և բազում այլ ծանր փորձությունների միջով։ Բայց, այդ ամենով հանդերձ, Արցախի Հանրապետությունը կայացավ»,– ասված է ուղերձում։

«Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը». Արմեն Սարգսյան

Արցախի Հանրապետության գոյության 27 տարիները, Փաշինյանի խոսքով,  ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են, իսկ թավշյա հեղափոխության հաղթանակը`հայոց ազատասեր ոգու և անկոտրում կամքի ևս մի վկայությունը։

«Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»,– ասված է ուղերձում։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ գլուխ է խոնարհում Արցախի ազատության համար զոհվածների հիշատակի առջև, մաղթում խաղաղ երկինք, արդար վաստակ և ամենայն բարիք։