Ճապոնիայում ու Ռուսաստանի արևելքում հզոր փոթորիկ է սպասվում. տեսանյութ

220-240կմ/ժ արագությամբ փոթորիկը Ճապոնիա կհասնի 2 օրից։ Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել կանխատեսվող թայֆունի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ճապոնիայում հզոր Թայֆուն է սպասվում, որի ազդեցությունը կզգան նաև Ռուսաստանի արևելյան շրջանների բնակիչները։

Այս մասին իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նա իր գրառման մեջ հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին Ճապոնիայի ափերին է մոտենալու  Ջեբի անվանմամբ արևադարձային թայֆունը, որն իր հզորությամբ դասվում է ամենավերջին`5-րդ կարգին:

«Փոթորկի տրամագիծը հասնում է 1000 կմ-ի, օդի ճնշումը կենտրոնում նվազել է մինչև 929 մբ, քամու առավելագույն արագությունը 220-240կմ/ժ է»,– հայտնում է Սուրենյանը:

Նա նաև նշում է, որ փոթորիկը հարվածելու է ոչ միայն Ճապոնիայի ամբողջ տարածքին, այլև Ռուսաստանի արևելյան շրջաններին, հասնելով մինչև Սախալին:

Գագիկ Սուրենյանը հրապարակել է նաև թայֆունի տեղաշարժն ու զարգացումը պատկերող տիեզերքից արված տեսագրությունը։