Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներին

Միջոցառումներին մասնակցել են նաև Արկադի Ղուկասյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

«Խոնարհվում ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր ընկան անկախության ճանապարհին». Բաբլոյան

Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահները միասին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին նաև ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:

Հիշեցնենք՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: