ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը:
Թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և ուրիշներ:
The Fresno Bee-ն գրում է, որ նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի է տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք: Թանգարանն այցելուների համար բաց կլինի երեքշաբթիից կիրակի:
Տուն-թանգարանն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ մշակութային օջախ դառնալով ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և մշակութային այլ միջոցառումներ:
«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Սարոյանի տունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող ու նրա հետ առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: