Տուն-տեղ վաճառեք, համեցեք Գյումրի. քաղաքն արդեն Անեկդոտների պատ էլ ունի

Եթե ուզում եք լիաթոք ծիծաղել, ապա առանց վարանելու եկեք Գյումրի: Այս քաղաքում ոչ միայն մարդիկ են անեկդոտներ պատմում, այլ նաև պատերը:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրու երիտասարդները հավաքվեցին ու որոշեցին՝ Գերմանիայում Բեռլինի պատ կա, Իսրայելում՝ Լացի, Չինաստանում՝ Չինական, Դանիայում՝ Ուրախ, իսկ Հայաստանում պիտի Անեկդոտի պատ լինի: Իսկ Անեկդոտի պատը որտե՞ղ պետք է լիներ, եթե ոչ հումորի մայրաքաղաքում:

Գյումրու հենց կենտրոնում՝ Վարդանանց հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Շահումյան 188 շենքի պատն ամբողջությամբ այսուհետ անեկդոտ կպատմի, ավելին՝ քաղաք այցելած հյուրերը դժգոհ չեն մնա. Գյումրվա համով-հոտով անեկդոտները նաև ռուսերեն ու անգլերեն են: Չնայած նախաձեռնության անդամները վստահեցնում են՝ Գյումրվա հումորի հաջողությունը սուր մտքի ու բարբառի մեջ է:

Պատն ավելի խոսուն է քաղաքին հատուկ կոլորիտային պատկերների շնորհիվ:

«Տեսքն ու դիզայնը հետագայում ուզում ենք փոխել։ Անեկդոտների թիվն էլ կշատանա։ Հիմա փորձել ենք հանրության համար կարեւոր կենցաղային բնույթի կատակներ փոխանցել մարդկանց։ Սա բոլորի կողմից ընդունելի թեմա է և հաճելի է ընթերցել»,- Sputnik Արմենիային ասաց «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանը:

Գյումրեցի երիտասարդները «ՕՍՄ» հիմնադրամի հայտարարված մրցույթին էին ներկայացրել «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության «Անեկդոտների պատ» նախագիծը, որն էլ հաղթող ճանաչվեց: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար շատ կազմակերպություններ ու մարդիկ աջակցեցին:

Стена анекдотов в Гюмри

Գյումրին հումորի մայրաքաղաք է, սա անհերքելի փաստ է: Դեռ 5 տարի առաջ Facebook սոցիալական ցանցում բացված «Կատակում են գյումրեցիները» խումբն այսօր արդեն մոտ 167 հազար անդամ ունի, սա էլ նախաձեռնող խմբին ստիպել է մտածել քաղաքում ոչ միայն անեկդոտները բերանացի լսելու, այլ նաև կարդալու հնարավորություն ընձեռելու մասին:

Стена анекдотов в Гюмри

«Սա ոչ միայն զբոսաշրջությունը զարգացնելու յուրօրինակ դրսևորում է, այլ նաև տրամադրություն փոխանցող քայլ»,- ասում է Արսենը, հետո էլ ավելացնում՝ տուն-տեղ ծախեք, համեցեք Գյումրի:

Անեկդոտների պատից անեկդոտներ չենք մեջբերում։ Համեցեք Գյումրի ու ինքներդ կարդացեք:

Стена анекдотов в Гюмри