Ողբերգական դեպք Բեյրութում. արյունահեղությամբ ավարտված միջադեպի հետևանքով հայ է մահացել

Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Հայերից մեկը մահացել է, երեքը ծանր վիճակում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 31-ին։

Ըստ պարբերականի` Արաքս թաղամասի մոտ ապրող ոչ հայ քաղաքացին հայհոյել է դիմացի շրջանում ապրող տարեց հային, դրանից հետո հայ երիտասարդները փորձել են սաստել հայհոյողին։

Նշվում է, որ հայհոյողը հոգեկան խնդիրներ ունի։

Դանակահարված հայերից մեկը հիվանդանոց տեղափոխվելու պահին մահացել է, տեղեկություններ կան, որ մյուս հայերը ծանր վիճակում են։

Մահացածը Խոսրով Քյուրտյանն է, որն առաջինն է փորձել զսպել հայհոյողին։

Տուժածներից երկուսը եղբայրներ են` Վիգեն և Սևակ Հաբեշյանները։ Մեկ այլ տուժածի անունն էլ Արտաշ է, ազգանունը չի նշվում։

Տեղեկություններ կան, որ նաև մեկ արաբ է մահացել, որը նախնական տվյալներով` հայհոյողի եղբայրն է։

Ըստ պարբերականի` իրավապահ մարմինները հսկում են Բուրջ Համուդի ջրջանը, և այս պահին իրավիճակը կայուն է։