Ողբերգական դեպք Երևանում. գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

Դատաբժիշկը զննել է դին և ասել, որ բռնության հետքեր չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդգար Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա Նարեկ Հարությունյանի մահվան փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգ է ստացել, որ նշված գեղեցկության սրահում երիտասարդ տղայի դի կա։

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նարեկ Հարությունյանն աշխատում էր նշված գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։