Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան

ՀՀ վարչապետը Սևանի թիվ 3 դպրոցում հայտարարեց` նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը, ընդունակությունների զարգացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Այսօր նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ն է, և այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջինդասարանցիներն են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սևանի թիվ 3-րդ դպրոցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Այսինքն 5 հատ 1 եղավ, գոլդ համար եք բռնել»,- կատակեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը:

«Այսինքն ամեն աշակերտ ու ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը, ընդունակությունների զարգացումը»,- ասաց նա:

Ծանոթ, բարեկամ ու թիկունք. Փաշինյանը երեխաներին ասել է` ինչ է փոխվել նոր Հայաստանում

Վարչապետի խոսքով `նոր Հայաստանում դպրոցն ու ուսուցիչը ոչ թե իրենց առջև պետք է խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է պատրաստի թռիչքի բառի բուն իմաստով։

«Որովհետև մենք բոլորս, մեր երկիրը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի: Այո, մենք բոլորս պետք է կարողանանք թռչել, հասնել շատ բարձր նպատակների, շատ բարձր արդյունքների: Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը ոչ թե տառապանք պետք է լինի, այլ հաճույք: Դրա համար պետք է համախմբենք մեր ուժերը, ոչ միայն դպրոցը, ուսուցիչները, ծնողները, քաղաքական ուժերը, այլև ողջ հանրությունը, ժողովուրդը, պետությունն ու կառավարությունը:

Նոր Հայաստանում սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով, ազատ ու երջանիկ»,- ասաց նա:

Փաշինյանը հաջողություն մաղթեց բոլորին, երեխաներին հաջողություն մաղթեց թռիչքի պատրաստվելու առաջին օրվա առիթով: