Խաղաղ «դեսանտ». ո՞վ է հոգում Սիրիա մեկնող հայկական պատվիրակության ծախսերը

Հայկական բիզնեսը Սիրիայում կներկայացնի կենսական անհրաժեշտության ապրանքներ. Sputnik Արմենիան հանդիպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երկար դադարից հետո Հայաստանը նորից իր արտադրանքը կցուցադրի Սիրիայում: 34 ընկերություններ կներկայանան Damascus Expo միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի մասնակցությունը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը:

Մի զենքի պատմություն. այնթափցիներին թուրքերից պաշտպանած զենքը հասավ Հայաստան. լուսանկարներ

Ինչպես Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասաց Business Armenia-ի արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը, Սիրիայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մեր երկիրը կստանա տաղավարի անվճար տարածք: Ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 6-15-ին` սիրիական մայրաքաղաքի խոշորագույն համալիրներից մեկում: Այնտեղ կհավաքվեն հյուրեր մի քանի տասնյակ երկրներից, ինչպես նաև՝ Սիրիայի գրեթե բոլոր խոշոր գնորդ-դիստրիբյուտորները: Ձախից հայկական տաղավարի հարևանը կլինի Հարավային Կորեան, աջից՝ Վենեսուելան:

«Դիստրիբյուտորներ կգան գրեթե բոլոր ոլորտներից, ինչը մեր արտադրողների համար, անշուշ, լավ հեռանկար է բացում», — ընդգծեց Մկրտչյանը:

Նշենք` հայկական 34 ընկերություններից 2-ը սիրիահայերի ձեռնարկություններ են: Ընդ որում՝ նրանք կներկայացնեն բավականին բարդ ու արժեքավոր արտադրանք: Արտադրողների շարքում է «Այ Պլաստը» (վիրակապեր և նման բժշկական պարագաներ), ինչպես նաև Շանթ Խայալյանը, որը բնական հումքով օճառ ու կոսմետիկա է արտադրում:

Հայկական տաղավարում կներկայացվի նաև երկու պարսկահայ գործարարների արտադրություն՝ կենցաղային քիմիայի և հովացման համակարգերի ոլորտում, ինչպես նաև տեղացի գործարարների ձեռնարկություններ:

Մասնավորապես, կներկայանա արևային պանել արտադրողներից մեկը, ինչպես նաև ջրային ֆիլտրերի համար  ցեոլիտ արտադրող մի ընկերություն:

Հումանիզմ ամերիկյան ձևով. ինչպես սիրիահայերի առաջ փակվեց «դրախտի դարպասը»

«Քանի որ Սիրիան հիմա վերականգնման փուլում է, ապա, անկասկած, մեծ պահանջարկ ունի թե՛ ինքնավար էլեկտրական կայանների, թե՛ մաքուր ջրի, թե՛ շինանյութերի: Այստեղ մենք կներկայացնենք թեթև արտադրանք, որը տեղափոխման մեծ ծախս չի պահանջի», — ընդգծեց Մկրտչյանը:

Մասնավորապես, կցուցադրվեն բազալտե մանրաթելերից խողովակներ ու ամրաններ: Քարերով հարուստ մեր երկրում այս արտադրությունը նախատեսվել էր դեռ խորհրդային տարիներին, բայց սկսվել է միայն մի քանի տարի առաջ: Բազալտը հալեցվում է 1200-1300 ջերմաստիճանում, այնուհետև դրանից ձգվում են թելեր, թելերից էլ ստանում են շինարարական կոնստրուկցիաներ (խողովակներ, հենասյուներ և այլն), որոնք շատ թեթև են և կայուն՝ կոռոզիայի դեմ:

Ներկայացված կլինեն նաև գազի կոմպրեսորային կայանների, ավտոմեքենաների մարտկոցների, պլաստիկ խողովակների, ինչպես նաև` հանքային ջրի ու սննդի (այդ թվում` շոկոլադի) մի շարք արտադրողներ:

Ավելին` վերակենդանացող Սիրիայում արդեն ուզում են ոչ միայն գոյություն պահպանել, այլև ուրախանալ:

Երկրում արդեն պահանջարկ է ձևավորվում ոսկերչական իրերի և ժամացույցների նկատմամբ: Վերջապես ներկայացված կլինի հայկական տարազի արտադրող, որը  անցյալ տարի արդեն ցուցադրություն էր կազմակերպել Սիրիայում:

Հալեպի դպրոցներից մեկը կոչել են հայ հերոսի անունով

Դամասկոսում մեր գործարարները պատասխան կստանան մի քանի հարցերի: Մասնավորապես`  ինչպես մասնակցել Սիրիայի կառավարության պետական պատվերի մրցույթներին, ինչպես բանկային փոխանցումներ կատարել, որ դեպքերում է անհրաժեշտ ապրանքի սերտիֆիկատ ստանալ:

Այս անգամ մասնակցության բյուջեն բավական սուղ է: Ուստի ցուցահանդեսի  տաղավարում ներկա կլինի միայն մի հոգի: Սակայն, այստեղ հատկապես տեղին է հիշել ժողովրդական խոսքը` մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր երկու բարեկամ: Տաղավարի պատասխանատուն կլինի Հայաստանում ապրող սիրիահայ գործարարներից մեկը: Նա հանդիպել է բոլոր 34 ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, մանրամասն ծանոթացել արտադրանքին և հանձն առել ներկայացնել ամբողջը, բանակցել և պայմանավորվել գնորդների հետ` օգտագործելով երկրի և արաբերենի կատարյալ իմացությունը: Այս ամենը` անհատույց:

Երկրորդ վաղեմի բարեկամն ու օգնականը դեսպան Արշակ Փոլադյանն է` Սիրիայում աշխատող ամենաճանաչված ու հարգված օտարերկրյա դիվանագետներից մեկը: Լինելով պատմական գիտությունների դոկտոր՝ արևելագետը մի շարք գրքեր է հրատարակել Հայաստանում ու Սիրիայում:

Անգամ 2014 թվականին` Սիրիայի համար ամենածանր ժամանակաշրջանում, նա Դամասկոսում հրատարակեց Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերն՝ արաբերեն:

Դեսպան Փոլադյանն ու դեսպանատունը գործուն աջակցությունն են բերել նաև Հայաստանի մասնակցությանը գալիք ցուցահանդեսին: