ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար հակամարտությունների, այդ թվում ` արցախյան հակամարտության կարգավորման միայն մեկ տարբերակ կա` խաղաղ։
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Երևանում վրացի լրագրողների հետ զրույցում։
«Պիրվելի արխի» (Առաջն ալիք) վրացական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ առաջատար վրացական հեռուստաընկերությունների լրագրողները, որոնք Հայաստանում են մամուլի շրջագայության շրջանակում, այսօր հանդիպել են Փաշինյանի հետ։
«Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Մենք մեր դերը տեսնում ենք մեր գործընկերներին աջակցելու մեջ, այն գործընկերներին, որոնք գնում են խաղաղ կարգավորման ճանապարհով։ Իրար նման հակամարտություններ չկան», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է զգույշ լինել, երբ խոսքը հակամարտությունների մասին է։ Նա կարծում է նաև, որ պետք է լինի հակամարտությունների կարգավորման մեկ բանաձև, որն ընդհնուր կլինի բոլոր հակամարտությունների համար։
«Այդ բանաձևը բացառում է հակամարտությունների լուծումը բռնի ճանապարհով, ուժի կիրառմամբ»,–ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այդ բանաձևն ընդունելի է նաև արցախյան հակամարտության համար։ Հայաստանը պատրաստ է աջակցել ցանկացած կողմին, որն այդ բանաձևով է գործում։