Մուստաֆան Արամ է խաղում. ալժիրցի փախստականը կմարմնավորի Եղեռնից փրկվածին

Կանադացի դերասան Մուստաֆան հայերեն չգիտի։ Սակայն գիտի, թե ինչ է նշանակում փախստական լինել։ Սա նրա առաջին դրամատիկ դերն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ծննդով Ալժիրից կանադացի դերասան Մուստաֆա Արամիսը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների մասին թատերական պիեսում գլխավոր դերը կխաղա։ Այս մասին գրում է կանադական Le Soleil պարբերականը։

Ամերիկացի դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Գազան լուսնի վրա» պիեսում նա մարմնավորում է գլխավոր դերը` փախստական Արամ Թովմասյանին։

Նշվում է, որ 32-ամյա Մուստաֆան հանդես է եկել հիմնականում երգիծական դերերում։ Սա նրա առաջին դրամատիկ դերն է, որը, կարծես, նրա համար լինի։ 20-ականների Ամերիկայում Արամն ուզում է իր նման ամեն ինչ կորցրած Սեդայի հետ ընտանիք կազմել։

«Բավական ուժեղ կերպար է, սակայն միևնույն ժամանակ անվերջ թույլ։ Նա պարզ պատկերացնում է, թե ինչպես պետք է շարունակի ապրել վերապրածից հետո։

Սակայն նոր կյանքի մասին Արամի երազանքներում այդ աղջիկը, կարծես, տեղ չունի։ Եվ Արամը փորձում է երազանքն ու իրականությունը մեկտեղել», – ասում է Մուստաֆան։

Մուստաֆան հայերենին չի տիրապետում։ Սակայն 11 տարեկանում նա իմացավ, թե ինչ է փախստական  լինելը։ 1990-ականներին նրա ընտանիքը փախել է Ալժիրից, որտեղ քաղաքացիական պատերազմ էր։

2014 թվականին Մուստաֆան ընդունվում է Դրամատիկ արվեստի ինստիտուտ։  Որդու ընտրությունն այնքան էլ հոր սրտով չէր։ Կյանքում շատ բան տեսած հայրն ուզում էր, որ որդին մշտական և հուսալի ապրուստի միջոց ունենա։  Սակայն որդուն հաջողվեց համոզել  հորը և նա սկսեց զբաղվել արվեստով։